«Այստեղ ամեն ինչ մենք լսեցինք՝ դեմագոգիայից, մարազմից, նախընտրական հնարքներից սկսած». Վահրամ Բաղդասարյան

«Մենք քննարկում ենք մի փաստաթուղթ, որը մեր տնտեսության սիրտն է, ու պատահական չէ, որ կրքերը հուզված էին»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա ցավակցեց  կառավարությանը, որ այս տարվա  բյուջեն համընկավ նախընտրական պրոցեսներին. «Այստեղ ամեն ինչ մենք լսեցինք՝ դեմագոգիայից սկսած, մարազմից սկսած, նախընտրական հնարքներից սկսած։ Իհարկե, նաև եղան բուն էությանը  վերաբերող ելույթներ, որոնք մենք չենք կարող անտեսել»։

Վ. Բաղդասարյանի խոսքով՝ ֆինանսական փաստաթուղթն իրոք իրատեսական է  և համահունչ է կառավարության ծրագրին. «Սա պատասխանն է բոլոր նրանց, ովքեր այստեղից ուզում էին բարձրաձայնել, որ այս  փաստաթուղթը որևէ կապ չունի կառավարության ծրագրի հետ։ Այս ֆինանսական փաստաթղթի իրականացման համար կառավարության ծրագրում դրված են բոլոր հիմքերը։ Այս ամիսների ընթացքում կառավարության կատարած քայլերը միտված են նրան, որ կարող են իրականացնել այս բյուջեն»։

Նա հայտարարեց, որ այս բյուջեն կայունացման բյուջե է, ու այստեղ ռիսկային քայլեր չկան։ Ըստ Վ. Բաղդասարյանի՝ եթե այս կառավարությունը բերեր մի խոստումնալից բյուջե, որը կարող էին համարել նախընտրական, որևէ մեկի մոտ դա հավատ չէր կարող ներշնչել։

«Շատ ուրախ եմ, որ որևէ մեկը չասաց, որ այս բյուջեն նախընտրական բյուջե է, դա ծիծաղելի կլիներ, իսկ բոլորը սպասում էին, որ  այսօրվա կառավարությունն իրոք կարող է բերել նման բյուջե, որովհետև մենք մոտենում ենք 2017 թվականի ընտրություններին։ Շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, որ ինքը բավականին օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել։

Նպատակը պահի խնդիր լուծելը չէ, նրա խնդիրը միտված է ապագային։ Մենք խնդիր չունենք, որ այսօրվա բյուջեով ինչ-որ ձայներ կարողանանք ապահովել ընտրություններին։ Իսկ մեր քաղաքական ուժերից և գործիչներից շատերն այս բյուջեի քննարկումը պարզապես առիթ և պատրվակ են օգտագործում իրենց տարբեր տիպի հանիրավի քննադատություններով՝ նախընտրական ձայներ կորզելու համար։ «Հրաժարվեք, և մենք կգանք իշխանության»։

Ես ցանկանում եմ հիշեցնել բոլոր քաղաքական ուժերին, որ իշխանության գալիս են սահմանադրական ճանապարհով։ Դրա համար հարկավոր են ընտրություններ, իսկ դրանք մոտ են, մինչ այդ պետք է մտածեն՝ իրենք կարո՞ղ են  մտնել Ազգային ժողով, թե՞ ոչ, այդ հինգ տոկոսի շեմը կարո՞ղ են հաղթահարել, թե՞ ոչ, որից հետո  պետք է ունենան մեծամասնություն»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը։

Նա համոզված է, որ ընդդիմադիրներն ուսումնասիրելով կառավարության ծրագիրը՝ համաձայն են այդ ծրագրի հետ, բայց ժամանակը թույլ չի տալիս, որ նրանք  արտահայտվեն այդ ծրագրի մասին. «Որովհետև ընտրություններ են, եթե հանկարծ որևէ  մեկը մի դրական բան ասի, կասեն՝ նա փոխեց իր ընդդիմադիր կերպարը։ Այդ հոգեբանությունը պետք է փոխենք մեր ընդդիմադիրների մոտ, միք վախենա, սարսափի՝ դրականը նկատելուց»։

Տեսանյութեր

Լրահոս