«Վարկանիշի անկում կարող է նկատվել». Վահրամ Բաղդասարյան

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, եթե նա լինում է անկուսակցական, առավել ևս վարչապետի պոստում, բնականաբար, նրա նկատմամբ հավատը, հույսերն ավելի բարձր են լինում: Եթե քաղաքական գործիչը, առավել ևս վարչապետը, անդամակցում է որևէ կուսակցության, ոչ միայն Հանրապետականին, բնականաբար, այն մյուս քաղաքական կուսակցական անդամների մոտ վարկանիշի անկում կարող է նկատվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր վարկանիշն անկում է ապրելու:

Ըստ նրա` հանրությունը միշտ ավելի շատ միտված է անկուսակցականների կողմը: Վ.Բաղդասարյանի խոսքով` կուսակցական, քաղաքական դաշտն այսօր այդպես էլ վերջնականապես չի կայանում, և չի կայանում որևէ քաղաքական ուժ, որ կգոհացնի հանրությանը, արդյունքում ցանկացած կուսակցականն անդամակցելու ժամանակ յուրաքանչյուր քաղաքական գործչի վարկանիշը, իրոք, կարող է անկում ունենալ:

«Ես բնական եմ դա համարում, մի վերագրեք միայն ՀՀԿ-ին: Եթե այսօր ՀՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է, իր վարկանիշը միանշանակ պետք է ընկնի, և եթե ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ իշխանություն է դառնում, իր վարկանիշն էլ պետք է ընկնի: Այդ տեղաշարժերը միշտ բերում են վարկանիշի անկման»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս