«Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գագիկ Ծառուկյանը, իհարկե, ինքը կորոշի` վերադառնա՞լ քաղաքականություն, թե՞ չվերադառնալ: Որպես գործարար եւ բարեգործ՝ նա բազմաթիվ լավ գործեր է արել Հայաստանի համար: Քաղաքականության մեջ նա նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ իշխանությունից դուրս գտնվող (կամ գուցե` մասամբ դուրս գտնվող) միակ օլիգարխն է եւ, հետեւաբար, փողի աղբյուրը: Եկեք անկեղծ եւ իրատես լինենք. այսօր խոսքն այն մասին չէ, որ 2017 թվականի ընտրություններում հաղթի որեւէ այլ կուսակցություն, քան իշխանության կուսակցությունը: Խոսքն այն մասին է, որ երկրորդ տեղը գրաված ուժը լինի քիչ թե շատ ծանրակշիռ եւ ազդեցիկ, կարողանա ինչ-որ չափով այլընտրանքային լուծումներ առաջարկել:
Բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք որեւէ գործչի քաղաքականություն գալը կամ վերադառնալը թատերականացնել, ընդ որում` անճաշակ, հակաէսթետիկ, քարանձավային ծեսերով: Գնալ, տան մոտ կանգնել, աղաչել-պաղատել, «ազգովի խնդրելու» հանրահավաքներ անել` սա ո՞ր դարն է: Ճորտատիրության ժամանակն արդեն վաղուց անցել է, պարոնայք իմիջմեյքերներ եւ քաղտեխնոլոգներ: Հավանաբար, դա որոշակի ազդեցություն թողնում է դեռեւս ֆեոդալական մտածողություն ունեցող մեր հասարակության մի մասի վրա: Բայց դուք ուզում եք ավելի առաջադեմ ու զարգացած երեւալ, եւ որ ձեր կազմակերպած միջոցառումները տարբերվեն ՀՀԿ 16-րդ համագումարից, այդպես չէ՞: Թե՞ ցանկանում եք «ավելի միջնադարյան» եւ «ավելի կռապաշտ» լինել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի