Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ՀՀ տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է անցնում. Գագիկ Սուրենյան. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ գիշերվանից մեր երկրի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է անցնելու, ինչով պայմանավորված Հայաստանի բոլոր շրջաններում տեղումներ են սպասվում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ներկայացնելով կենտրոնի կանխատեսումները՝ օդերեւութաբանն ընդգծեց, որ մարզերում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով, իսկ Երեւանում՝ թաց ձյան: Արկտիկական ճակատի ներհոսքով պայմանավորված՝ առաջիկա ժամերից մինչեւ դեկտեմբերի 9-ը մեր երկրի տարածքում օդի ջերմաստիճանը, ընդհանուր առմամբ, կնվազի 8-10 աստիճանով:

«Արկտիկական ճակատն իր հետ բերում է շատ ցուրտ օդային հոսանքներ: Ցուրտ օդի ներհոսքը կսկսվի ժամեր անց եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 9-ը ներառյալ: Ամենացուրտը կլինի ամսի 9-ին: Լեռնային շրջաններում այդ օրն օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ -20-25 աստիճանի, նախալեռնային հատվածներում՝ մինչեւ -15: Երեւանում այդ օրը սպասվում է մինչեւ -10-12 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Մեր հարցին, թե արդյոք առաջիկա օրերին քամու ուժգնությունը կնվազի՝ Սուրենյանը պատասխանեց. «Քամիներ կլինեն այսօր գիշերը՝ արկտիկական ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված: Իսկ վաղն առավոտյան արդեն քամին կդադարի, անտիցիկլոնային վիճակ կհաստատվի: Նորմալ եղանակ կլինի, բայց շատ ցուրտ: Այսինքն, եթե այս օրերին Երեւանում գիշերը ջերմաստիճանը դրական էր, ապա այսօրվանից սկսած բացասական ջերմաստիճան կլինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս