Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել Թայվանը ընդդեմ Չինաստանի
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջի միջոցով հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ: Այս տեղեկությունը հարց է առաջացրել, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է վերանայել իր «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը կանխում էր Թայվանի պաշտոնական ճանաչումը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփի թիմը, սակայն, ասում է, որ մտահոգությունները չափազանցված են:
«Դա ընդամենը զանգ էր քաղաքավարությունից ելնելով: Ինձ համար անհասկանալի է, երբ նախագահ Օբաման կարող է զանգահարել Կուբայի մարդասպան բռնապետին անցած տարի և վերածվել հերոսի դրա համար, իսկ նորընտիր նախագահ Թրամփը կարող է խոսել ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Թայվանի առաջնորդի հետ և դա վերածվի խնդրի»,-ասել է նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը:
Սակայն Փենսը չհերքեց, որ Թրամփը պատրաստվում է ավելի հաստատակամ քաղաքականություն վարել Չինաստանի դեմ առևտրի և այլ հարցերի շուրջ:
«Նա պայքարելու է ամերիկյան աշխատատեղերի համար, և մենք կդադարենք պարտվել Չինաստանին և այլ երկրներին», ասել է փոխնախագահը:
Թրամփը անդրադարձել է Չինաստանին քարոզարշավի ընթացքում:
«Մենք 500 միլիարդ դոլարի առևտրային պակասորդ ունենք Չինաստանի հետ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը շարունակի չարաշահել մեր երկիրը, և իրենք հենց դա են անում: Սա համաշխարհային պատմության մեջ ամենամեծ գողությունն է»:
Մինչ այժմ Չինաստանի պատասխանը Թրամփի զանգին մնում է զուսպ:
«Դա ընդամենը Թայվանի խաբեությունն է: Այն չի փոխի միջազգային հանրության մոտեցումը «Մեկ Չինաստան» քաղաքականության նկատմամբ: Այն չի փոխի նաև ԱՄՆ-ի տարիներ ի վեր գոյություն ունեցող «Մեկ Չինաստան» քաղաքականությունը»,-ասել է Չինաստանի արտգործնախարարը:
Չնայած պաշտոնական կապերի բացակայությանն՝ ԱՄՆ-ը և Թայվանը տարիներ ի վեր համագործակցել են ռազմական ասպարեզում: Արդյոք Թրամփը պատրաստվում է ընդլայնել հարաբերությունները Թայվանի հետ ի հակադրում Չինաստանին պարզ կդառնա միայն մյուս ամիս, երբ նա պաշտոնապես կանցնի նախագահի պարտականությունների կատարմանը: