Բաժիններ՝

«Որևէ զգացողություն չունեմ, որ այդ տարիքն ինձ հետ որևէ կապ ունի». կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը՝ 60-ամյա հոբելյանին ընդառաջ

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին բանախոսներ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, բրիտանացի դիրիժոր Դևիդ Դևիսը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Բրիտանացի դիրիժոր Դևիդ Դևիսի մասնակցությունը հոբելյանական համերգին խորհրդանշական է: Պարզվում է՝ մի քանի ստեղծագործություններ, որ հնչելու են վաղվա հոբելյանական համերգին, դեռ տարիներ առաջ պատվիրված են եղել իր կողմից՝ դառնալով առաջին կատարողն այդ գործերի.

«Մարդիկ հաճախ փորձում են հասկանալ, թե որտեղի՞ց են գալիս ժամանակակից՝ նոր երաժշտության հնչյունները: Ես Շոտլանդիայից եմ՝ ճիշտ այնպիսի մի փոքր երկրից, ինչպիսին Հայաստանն է: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց երաժշտությունն այն միջազգային լեզուն է, որով փորձում ենք շփվել: Ցանկացած արվեստագետի գերխնդիրն է՝ ստեղծել ունկնդրի հետ սրտից բխող կոնտակտ: Տարիներ առաջ մենք շատ կարևոր մի փառատոնի համար պատվիրեցինք Ստեփան Ռոստոմյանին գրելու 3-րդ սիմֆոնիան, որը վաղն անցկացվելիք հոբելյանական համերգի ընթացքում նույնպես հնչելու է: Հայ արվեստագետը հեռավոր Շոտլանդիայում կյանքի կոչեց մի այնպիսի ստեղծագործություն, որի առաջին կատարման բերած հաջողությունը դեռ չէի տեսել մինչ այդ ու նաև դրանից հետո: Ես երկար ճանապարհ անցա՝ գալու այստեղ և մասնակցելու այս հոբելյանական համերգին, ինչի համար բնավ ափսոսանք չունեմ և անհամբերությամբ սպասում եմ տոնական տորթի ամենամեծ կտորին, որն ինձ համար լինելու է 3-րդ սիմֆոնիայի կատարումը»,- ասում է բրիտանացի դիրիժոր Դևիդ Դևիսը:

Հոբելյան Ստեփան Ռոստոմյանը մեկնարկելով տոնական համերգին նախորդող ասուլիսի իր բաժինը՝ հայտարարում է.

Կարդացեք նաև

«Իմ կյանքում երբեք չի պատահել, որ ցանկանամ որևէ գաղափար կյանքի կոչեմ ու չունենամ այն արդյունքը, որ նախապես ակնկալել եմ: Միշտ նախապես տեսնում եմ, թե ինչ է լինելու ապագայում, հետևաբար՝ կյանքը ինձ այս առումով անակնկալներ չի մատուցել: Շատ անգամ, հենց երաժշտությունը գրելու պահին ես տեսնում եմ դահլիճում նստած մարդկանց դեմքերը: Սրան հասնելու համար պետք է ճշգրտությամբ հաշվի առնել ժամանակը»:

15387503_10205786593982774_1686457670_o

Երաժշտի խնդիրն է՝ անլսելին լսելի դարձնել, նկարչինը՝ անտեսանելին՝ տեսանելի, գրողինը՝ անիմանալին՝ իմանալի: Իսկ եթե արվեստագետը չի ճանաչում՝ ի՞նչ է գաղտնիքը, իր կատարած աշխատանքը դառնում է պատճենահանմանը հավասարազոր մի բան: Սա 60-ամյա հոբելյանը տոնել պատրաստվող կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի փիլիսոփայությունն է, ով սեփական տարիքին անդրադառնալով՝ նկատում է.

«Որևէ զգացողություն չունեմ, որ այդ տարիքն ինձ հետ որևէ կապ ունի, չեմ էլ ուզում դրա մասին խոսել: Վերջերս ընկերներիցս մեկին հանդիպեցի, ով խոսքի մեջ ինձ հարցնում է, թե որքա՞ն թոշակ եմ ես ստանում: Ասում եմ՝ ի՞նչ թոշակ, ու մտքումս մտածում՝ որ օրը որ սկսեմ թոշակ ստանալ, էդ օրը կուզենամ այս իրականությունից փախչել: Իմ կյանքը միշտ շարունակվող պատմություն է, և ես դեռ երիտասարդ մարդ եմ՝ ճիշտ այնպես, ինչպես Ազնավուրն հարցնում են, թե ինչպես է կազմակերպում իր հանգիստը, իսկ նա պատասխանում է՝ դա իմ մասին չէ…»:

Անդրադառնալով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ առաջիկա համերգին՝ Ստեփան Ռոստոմյանը նկատում է.

«Ես տեսնում եմ Էդուարդ Թոփչյան երաժշտի վերաբերմունքը աշխատանքին, որին խորապես տիրապետում է, ու համարում եմ, որ իմ ստեղծագործությունը Հայաստանում վաղը առաջին անգամ է նվագվելու, որովհետև նման վերաբերմունք, որ տեսնում եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, ինձ համար ամենաարժեքավորն է»:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան իր հերթին՝ նկատում է. «Կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ նվագախմբի գործունեության և առաքելության անբեկանելի մի մասն է»:

«Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունն իր ուրույն աշխարհն ունեցող բարդ ինտելեկտուալ, ուրիշ ոչ մի երաժշտության չնմանվող արվեստ է, որ ունի միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներն ու մտածողությունը: Մենք միանշանակ չենք կարող ակնկալել, որ Արմենչիկին լսող հանդիսատեսին կարող է դուր գալ այս երաժշտությունը: Ես հույս ունեմ, որ վաղվա մեր համերգը նախատեսվածի պես լավ պետք է անցնի»,- ասաց Էդուարդ Թոփչյանը:

Տեղեկացնենք, որ Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին մասնակցելու են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հանրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունյանը, դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր Դևիս Դևիսը:

Համերգային ծրագրում հնչելու են Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս