ՀԱԿ-ը չի բացառում ԲՀԿ հետ նոր դաշինքի հնարավորությունը
Ակտիվ քաղաքականություն վերադառնալը Գագիկ Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին ԲՀԿ ներկայիս նախագահի հայտարարությունը:
Նա ոչ հերքեց և ոչ էլ բացառեց ՀԱԿ-ԲՀԿ նոր դաշինքի հնարավորությունը: Ըստ Լ.Զուրաբյանի` ՀԱԿ հայտարարության մեջ արդեն իսկ նախանշված են համագործակցության սկզբունքները, և իրենք պատրաստ են համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրությունների միջոցով նպատակ են դրել հասնել լեգիտիմ ընտրության և իշխանափոխության. «Նման ուժերի հետ մենք նպատակ ենք դրել համագործակցել»:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի խոսքին, թե ԲՀԿ-ն կհամագործակցի միայն իր քաշային կատեգորիայի ուժի հետ, Լևոն Զուրաբյանը նկատեց, որ քաշային կատեգորիաները ենթակա են փոփոխության.
«Մարդիկ կան, որ դիետայի են նստում, մարդիկ կան, որ հատուկ նիհարում են սպորտային ֆորմայի մեջ լինելու համար: Էդ քաշային քննարկումներն ավելորդ են, ավելի կարևոր է ուղերձը, վճռականությունը և ժողովրդի սպասելիքները»,- ասաց նա: