
Արամ Աթեշյանը հարցաքննվել է. ՔԿ

Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հարուցված քրեական գործի շրջանակներում կտավի հեղինակի և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում դատամշակութաբանական, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական, դատաձեռագրակաբանական համալիր փորձաքննություն:
Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՌԴ իրավասու մարմիններին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:
Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում դեպքի հետ կապված 2014 թվականի նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ): Կատարվում է նախաքննություն:
Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի ներկայացմամբ կտավի անհետացման պատմությունը սկսվում է 2000-ական թվականներից: Նկարի հեղինակն է Արամ Խաչատուրյանը, այն ստեղծվել է 1903 թվականին: Մութաֆյան պատրիարքի հրահանգով նկարը դուրս է բերվել պատրիաքարանից հենց Ստամբուլում հայաստանցի նկարչի կողմից կրկնօրինակելու համար: Դրանից հետո նկարը չի վերադարձվել:
Որոշ ժամանակ անց, պատրիարքարան տեղեկություններ են հասնում այն մասին, որ դիմանկարը տեսել են Երևանում: Ավելին` այն ներկայացվել է որպես Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություն:
Պատրիարքի ընդհանուր փոխանորդ դառնալով` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս խնդիրը ժառանգել է: Եղած տեղեկությունները հաշվի առնելով` նա դիմել է Հայաստանի ոստիկանությանը: Ընթացքում հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Եպիսկոպոսին լուրեր են հասել այն մասին, որ այդ կտավն ուղարկվել է Ռուսաստան, որտեղ այն վաճառքի է հանվել կես միլիոն եվրոյով՝ որպես Այվազովսկու ստեղծագործություն։ Աթեշյանը տեսել է նաեւ Հայաստանում նկարի՝ ռուսերենով պատրաստված մասնագիտական տեղեկագիր-եզրակացությունը: Հայաստանի իրավապահ մարմինները, որոնց ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապի մեջ է, խոստացել են համապատասխան քայլերի միջոցով Ռուսաստանում ճշտել, թե ում ստեղծագործությունն է այդ գործը։