Զարուհի Փոստանջյանի երկու նախագծերն էլ չընդգրկվեցին 10-րդ նստաշրջանի օրակարգում

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նստաշրջանի օրակարգի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց «Աշտարակ-կաթ» ընկերության հետ կապված խնդիրները։

«Համոզված եմ՝ բոլորդ տեղյակ եք «Աշտարակ-կաթ» ընկերությունում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին։ Իհարկե, պոզիտիվ է, որ այդ ընկերությունում հավատարմագրային կառավարման և լիարժեք գործարկման պրոցեսներ են ընթանում, և խոսվում է գյուղացիների՝ մթերված կաթի դիմաց ունեցած պարտքը մարելու մասին, ուղղակի ուզում եմ բարձրաձայնել, որ այնտեղ շուրջ 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխաավարձի պարտք կա, և ես հորդորում եմ կառավարությանն այս թեման ուշադրության տակ պահելու վերաբերյալ»,- հայտարարեց պատգամավորը։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ կառավարությունը տեղյակ է այդ խնդրին ու իր հնարավորությունների սահմանում հետամուտ է լինում, որ լուծի խնդիրը.

«Մենք կիսում ենք ձեր մտահոգությունն այս խնդրով, որովհետև այդտեղ կան և՛ աշխատավարձի, և՛ մթերման գծով խնդիրներ»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հորդորեց կողմ քվեարկել իր հեղինակած օրինագծերը 10-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու մասին հարցին։

«Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել իմ կողմից ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ հայտարարությանը։ Թեպետ այս հայտարարությանը Պետաիրավական հանձնաժողովը դրական վերաբերմունք չի ցուցաբերել, կարծում եմ՝ պետք է կողմ քվեարկեք, ու մենք այստեղ քննարկենք ժողովրդի ապստամբության իրավունքը, որովհետև ապստամբություն տեղի ունեցավ ամռանը, ու ապստամբողները մեր հանրության բոլոր սոցիալական շերտերի ներկայացուցիչներն էին։ Մենք ունենք խնդիր՝ լսելու, թե ինչու ապստամբեցին, մեր ժողովրդի մի մասը զենքի միջոցով պաշարեց Ոստիկանությունը, դրանից պետք է նաև դասեր քաղենք»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը։

Նշենք, որ պատգամավորի՝ «ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին հայտարարության» նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում՝ կողմ՝ 27, դեմ՝ 69, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ։ Զ. Փոստանջյանի հեղինակած մյուս՝ «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը ևս չընդգրկվեց 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում՝ կողմ՝ 30, դեմ ՝ 70, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս