«Դուք ընդամենն ուզում էիք՝ ժողովուրդը լսեր Ձեր այցերի մասին». Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։ Նիստի օրակարգում փոփոխություններ կատարելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց, որ սա 2017 թվականի ապրիլյան ընտրություններից առաջ վերջին քառօրյան է, ԱԺ-ն պետք է լիներ ժողովրդին հուզող և պետության համար կենսական հարցերով զբաղվող մարմին։

«Ինձ զարմացնում է, թե ինչպես է ԱԺ ղեկավարությունը որոշում քննարկվող հարցերի առաջնայնությունը կամ հաջորդականությունը։ Ես ներկայացված հարցերի մեջ, բացի 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությունից, չեմ տեսնում որևէ հարց, որն այդքան առաջնային ու կարևոր լիներ, մինչդեռ կան կենսական հարցեր։ Գյուղացիական վարկերի խնդիրն առաջնային հարցերից մեկն է։

Երեկ հանդիպումներ եմ ունեցել Արմավիրի մարզի գյուղերում, վիճակն աղետալի է, սարսափելի։ Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային փոսի մեջ, մարդիկ 2.5- 5 միլիոն վարկեր են կուտակել, որոնց մեծ մասը տույժ ու տուգանք է։ Համարյա բոլորն այդ վիճակում են, դա նշանակում է, որ խնդիրը համակարգային է, ու պետք է ԱԺ ուշադրությանն արժանանա։ Մի՞թե հնարավոր չէ իսկապես հավատարիմ լինել ԱԺ առաքելությանը, հենց ձեր նախաձեռնությամբ լսումներ անցկացնել այս հարցի շուրջ: Եկեք քննարկենք, այս հարցին լուծում տանք, ոչ թե հանգիստ գնանք դեպի նոր տարվա տոները»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։

Ի պատասխան՝ Գ. Սահակյանը նախ՝ նշեց, որ սա վերջին նստաշրջանը չէ.

«Կարծում եմ՝ այդքան մեծ պատրաստվածություն պետք չէ Ձեզ պատասխանելու համար, որովհետև Դուք ընդամենն ուզում էիք՝ ժողովուրդը լսեր ձեր այցերի մասին։ Եթե դուք որևէ խնդիր ունեք, որ ԱԺ-ն կկարողանա այսօր, վաղը, մյուս օրը քննարկել, խնդրեմ, այդ մասին խոսեք։ Իսկ եթե լսումների անհրաժեշտություն ունեք՝ որ հանձնաժողովի անդամ եք, այդ հանձնաժողովում լսումներ կազմակերպեք ու քննարկեք այս հարցը»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ փետրվարին քիչ հավանական է, որ նիստ գումարվի, որովհետև բոլորը լինելու են նախընտրական քարոզարշավում.

«Մենք շատ մեծ քննարկումների համաձայնության եկանք, որ ԱԺ հայտարարություն ընդունվի Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ կատարվող ցեղասպանական գործողությունների վերաբերյալ։ Ես հասկանում եմ, որ ԱԺ կանոնակարգով դա Ձեր բացառիկ իրավունքն է՝ երբ դնել քննարկման, բայց ես կարծում եմ՝ այստեղ նաև հարցի բարոյական կողմը կա, կարծում եմ՝ եթե այս գումարման խորհրդարանը այդ հայտարարությունը չընդունի, այստեղ բարոյական լուրջ խնդիր կունենանք։ Հորդորում եմ ձեզ՝ դա քննարկել»։

Գ. Սահակյանն էլ ճշտեց, որ դա ոչ թե եզդիների ցեղասպանության հարցն է, այդ խնդիրը դատապարտող օրինագիծն է, որն ինքը կարդացել է.

«Կարծում եմ՝ եթե դա այդքան անհրաժեշտ է, ես հանձնաժողովի նախագահի հետ կխորհրդակցեմ ու այնուհետև կպատասխանեմ ձեր հարցին»։

Տեսանյութեր

Լրահոս