
Թուրքիայի վարչապետը ՌԴ այցի ընթացքում կքննարկի ազգային արժույթով առևտրին անցումը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վաղը ՌԴ կատարելիք այցի ընթացքում կքննարկի երկու երկրների միջև առևտուրը ռուսական ռուբլով ու թուրքական լիրայով կատարելու հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վերջին ամսում թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ ավելի քան 11 տոկոսով անկում է ապրել։ Ուրբաթ օրը լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ անկում էր ապրել՝ հասնելով մինչև պատմական նվազագույնին։
«Մեր վարչապետը վաղը կուղևորվի Ռուսաստան և հաջորդ օրը հանդիպում կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ։ Մոտ ժամանակներս մենք միջոցներ կձեռնարկենք Ռուսաստանի հետ երկկողմ առևտուրը ազգային արժույթով իրականացնելու համար»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Կայսերիի միտինգում։