
Լարսը փակ է, կան դժվարանցանելի ճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Գավառի տարածաշրջանի ճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին փակ է ձնահոսքի վտանգի պատճառով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն