Բաժիններ՝

Վիտալի Բալասանյանը կոչ է անում Թալիշի անվտանգության հետ կապված մտահոգություններ չունենալ

Այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին:

Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան ադեկվատ քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:

«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- ասել է Բալասանյանը և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: «Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Բալասանյանը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորը ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:

Ի դեպ, Թալիշի վերականգնման համար ԼՂՀ իշխանությունները արդեն հրավիրել են Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնմանն ուղղված նախագծային աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս