
«Վաղաժամ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները». Շտայնմայեր

Եվրամիությունը նկատելի քայլեր չի նկատում Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ Ռուսաստանի կողմից, ինչը նշանակում է, որ վաղաժամ է խոսել այդ երկրի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանական Funke մեդիախմբի պարբերականին տված հարցազրույցում։
Շտայնմայերը նշել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման հարցում լճացում է առկա՝ հայտնելով, որ «հակամարտության կողմերը բառացիորեն մտնում են իրենց խրամատների մեջ» (բանակցային դիրքերի մասին է խոսքը)։
«Հրադադարի ռեժիմը խախտվում է, խոշոր քաղաքական հարցերի լուծման հարցում մենք հեռուն չենք գնացել»,- ընդգծել է դիվանագետը։
Դրա հետ կապված՝ նա վաղաժամ է համարել խոսել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թուլացման մասին։
«Երբ նկատելի քայլեր կլինեն մինսկյան համաձայնագրերի կատարման հարցում, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների փոփոխությունների մասին»,- ասել է Շտայնմայերը։