Բարի գալուստ 2030թ., ես չունեմ ոչինչ, չունեմ անվտանգություն, և կյանքը երբեք ավելի լավը չի եղել
www.weforum.org կայքը հրապարակել է Դանիայի խորհրդարանի անդամ Իդա Աուկենի ֆուտուրիստական հոդվածը՝ 2030 թվականի մասին։
«Բարի գալուստ 2030թ.։ Բարի գալուստ իմ քաղաք, կամ հավանաբար ավելի ճիշտ է ասել՝ «մեր քաղաք»։ Ես սեփական ոչինչ չունեմ։ Ես չունեմ մեքենա, բնակարան, ես նույնիսկ չունեմ սարքավորումներ կամ հագուստ։
Կարող է տարօրինակ թվալ, բայց այս ամենը ներկայացնում է մեր քաղաքի իրավիճակը։ Ամենը, ինչ դուք ապրանք եք համարել, այժմ վերածվել է ծառայության։ Մենք կարող ենք օգտվել տրանսպորտից, հարմարություններից, սնունդից, այն ամենից, ինչի կարիքն ունենք առօրյա կյանքում։ Մեկը մյուսի ետևից սրանք դարձել են անվճար, ինչի արդյունքում այլևս իմաստ չունի շատ բան ունենալ։
Նախ՝ անվճար դարձավ հաղորդակցությունը։ Հետագայում, երբ մաքուր էներգիան դարձավ անվճար, ամեն ինչ սկսվեց ավելի արագ շարժվել։ Տրանսպորտի գները մեծապես նվազեցին։ Այլևս իմաստ չուներ սեփական մեքենա ունենալ, քանի որ կարող էինք կանչել առանց վարորդի մեքենա կամ թռչող մեքենա՝ երկար ճանապարհ գնալու դեպքում։ Մենք սկսեցինք տեղափոխվել ավելի կանոնակարգված, երբ հասարակական տրանսպորտը դարձավ ավելի հեշտ, արագ և վստահելի, քան մեքենան։ Այժմ ես հազիվ թե կարողանամ հավատալ, որ մենք համբերում էինք մեքենաների կուտակումներին ու խցանումներին, չխոսեմ օդի աղտոտվածության մասին։ Ինչի՞ մասին էինք մտածում։
Երբեմն ես հեծանիվ եմ վարում, երբ գնում են ընկերներիս հետ հանդիպելու: Ես վայելում եմ այդ ընթացքը։ Զվարճալի է, բայց թվում է՝ որոշ բաներ երբեք չեն կորցնի հաճույք պատճառելու ունակությունը՝ քայլել, հեծանիվ վարել, եփել, նկարել, բույսեր աճեցնել։ Այս ամենը հրաշալի զգացողություններ է պատճառում և հիշեցնում մեզ, թե ինչպես է մշակույթը ծագել բնության հետ մոտ շփումից։
«Բնապահպանական խնդիրները հեռու են թվում»
Մեր քաղաքում մենք որևէ վարձ չենք վճարում, քանի որ այլ մեկն օգտագործում է ազատ տարածքը, երբ այն մեզ հարկավոր չէ։ Իմ ճաշասենյակն օգտագործվում է բիզնես հանդիպումների նպատակով, երբ ես այնտեղ չեմ։ Ինչ-որ պահի ես կցանկանամ եփել։ Դա շատ հեշտ է՝ խոհանոցի համար անհրաժեշտ իրերն իմ դռան մոտ են հասցվում րոպեների ընթացքում։ Քանի որ տրանսպորտն անվճար է դարձել, մենք դադարել ենք այդ բոլոր իրերն ունենալ տանը։ Ցանկացած բան կարող ենք պատվիրել, երբ դրա կարիքն ունենանք։ Սա շրջադարձային է նաև տնտեսության համար։ Երբ ապրանքը վերադարձվում է ծառայություն, որևէ մեկը հետաքրքրված չէ կարճ կյանք ունեցող իրերով։ Ամեն ինչ պատրաստված է այնպես, որ երկար կյանք ունենա, վերականգնվի։ Նյութերը կարող են նոր արտադրանքի վերածվել չափազանց արագ։ Բնապահպանական խնդիրները չափազանց հեռու են թվում, քանի որ օգտագործում ենք միայն մաքուր էներգիա և դրա արտադրության մաքուր եղանակներ։ Օդը, ջուրը մաքուր են, և որևէ մեկը չի համարձակվի ձեռք տալ բնության պահպանվող տարածքներին, քանի որ դրանք ձևավորում են մեր լավ ապրելու արժեքը։ Քաղաքներում մենք հսկայական կանաչ տարածքներ և բույսեր ունենք։ Ես դեռ չեմ հավատում, թե ինչու էինք անցյալում բաց տարածքները ծածկում բետոնով։
Գնումների մահը
Գնումնե՞ր։ Ես իրոք չեմ կարողանում հիշել, թե ինչ է դա։ Մեզ համար դա վերածվել է օգտագործման համար անհրաժեշտ իրերի ընտրության։ Զվարճալի է, բայց երբեմն ես ուզում եմ, որ դա իմ փոխարեն անի ալգորիթմը։ Այն իմ ճաշակն ավելի լավ գիտի։ Երբ արհեստական ինտելեկտն ու ռոբոտները սկսեցին կատարել մեր աշխատանքի մեծ մասը, մենք հանկարծ ժամանակ ունեցանք ավելի լավ ուտելու, ավելի լավ քնելու և մարդկանց հետ ժամանակ անցկացնելու համար։ Շտապելն այլևս իմաստ չունի, քանի որ աշխատանքը, որ մենք պետք է անենք, կարող է կատարվել ցանկացած ժամանակ։ Չգիտեմ՝ դա կարելի՞ է աշխատանք անվանել։ Դա ավելի շատ նման է մտածելու, ստեղծելու և զարգանալու ժամի։
Որոշ ժամանակ ամեն ինչ վերածվեց զվարճանքի, և մարդիկ չէին ցանկանում անհանգստանալ տարբեր հարցերով։ Միայն վերջին րոպեին մենք հասկացանք՝ ինչպես օգտագործել բոլոր նոր տեխնոլոգիաները՝ ավելի լավ նպատակների, և ոչ թե՝ պարզապես ժամանակ սպանելու համար։
«Քաղաքից դուրս այլ կյանքով են ապրում»
Ամենաշատը մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր մեր քաղաքում չեն ապրում։ Նրանց մենք կորցրել ենք ճանապարհին։ Նրանք, ովքեր որոշեցին, որ այս ամբողջ տեխնոլոգիան չափից շատ է։ Նրանք, ովքեր անպետք զգացին, երբ ռոբոտներն ու արհեստական ինտելեկտն իրենց վրա վերցրին մեր աշխատանքի մեծ մասը։ Նրանք, ովքեր դժգոհ մնացին քաղաքական համակարգից և դուրս եկան դրա դեմ։ Նրանք քաղաքից դուրս այլ կանքով են ապրում։ Նրանց մի մասը ձևավորել է ինքնաբավ համայնքներ։ Մյուսները պարզապես մնացին դատարկության մեջ և լքեցին 19-րդ դարի գյուղի տները։
Ամեն դեպքում ես անհանգստացած եմ այն փաստով, որ իրական անվտանգություն չունեմ։ Ես չեմ կարող գնալ որևէ վայր և չճանաչվել։ Ես գիտեմ, որ այն, ինչ անում եմ, ինչի մասին մտածում եմ և երազում, ձայնագրվում է։ Պարզապես հույս ունեմ, որ ոչ ոք այն չի օգտագործի իմ դեմ։
Ամեն դեպքում սա լավ կյանք է։ Ավելի լավ է այն ճանապարհից, որով մենք քայլում էինք նախկինում, երբ շատ պարզ էր, որ այլևս չէինք կարող շարունակել զարգացման նույն մոդելով։ Հիվանդություններ, կլիմայի փոփոխություն, փախստականների ճգնաժամ, բնապահպանական դեգրադացիա, ջրի, օդի աղտոտվածություն, ծանրաբեռնված քաղաքներ, գործազրկություն, սոցիալական անհանգստություն… այս բոլորն առկա էր մեր կյանքում։ Մենք չափազանց շատ մարդ կորցրինք, մինչև հասկացանք, որ կարող էինք ամեն ինչ այլ կերպ անել»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը