
Դիեգո Մարադոնան այցելել է Կուբա՝ Ֆիդել Կաստրոյին հրաժեշտ տալու համար

Արգենտինացին կուբացի հեղափոխականին անվանել է լեգենդ և համաշխարհային քաղաքական գործիչների թիմի ավագ:
«Ես եկել եմ, որպեսզի լինեմ իմ երկրորդ հոր կողքին՝ լեգենդի, ով հեռանում է մեզանից, բայց թողնում է շատ վառ ժառանգություն, որը մենք չենք կարող դավաճանել: Նա, ով մտածում է, որ Կուբան կթուլանա իր մեծագույն քաղաքացու մահվան պատճառով, սխալվում է, որովհետև Կուբան պետք է ավելի ուժեղ դառնա:
Համաշխարհային քաղաքականության բոլոր խաղացողների մեջ Կաստրոն թիմի ավագն էր: Ես ուզում եմ կոչ անել բոլոր կուբացիներին և ասել նրանց, որ իմ սիրտը հիմա իրենց հետ է»,- հայտարարել է նախկին ֆուտբոլիստը Կուբայի պետական հեռուստատեսության եթերում:
Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, Սանտյագո դե Կուբա քաղաքում: Կղզում նոյեմբերի 26-ից հայտարարվել է 9-օրյա ազգային սուգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը