
Էրդողանը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին դոլարները հանել «բարձի տակից» և վերածել լիրայի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին արտարժույթը վերածել թուրքական լիրայի՝ կապված դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Վերջին 11 ամսում լիրան դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 11%-ով։ Նախօրեին թուրքական լիրայի փոխարժեքը ընկել է՝ հասնելով պատմական նվազագույնին՝ 3.50 լիրա 1 դոլարի դիմաց։
Լիրան շարունակել է անկումը նաև այսօր՝ հասնելով 1 դոլարի նկատմամբ 3.52 լիրա նշագծին։
«Թող հանեն բարձի տակից արտարժույթը, բերեն ու փոխանակեն ոսկով, լիրայով։ Թուրքական լիրայի և ոսկու գինը կբարձրանա։ Մի՛ անհանգստացեք, մենք այդ խաղը շուտով կխախտենք։ Նման բան արդեն փորձել են անել 2007-2008թթ.»,- հայտարարել է նա Անկարայում։
Թուրքական լիրայի անկումը տեղի ունեցավ այն լուրերի ֆոնին, թե Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաջորդ շաբաթ խորհրդարան կմտցնի երկրի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ առաջարկությունը, որը նախատեսում է անցում նախագահական կառավարման համակարգի։