«Երբ քննարկումները սկսվել են, նման հնարավորություններ եղել են». ՔՊ նախագահը՝ իրենց դաշինքին՝ այլ ուժերի միանալու հավանականության մասին

«Մեկնաբանություն, դրա հետ կապված, չեմ կարող տալ, որովհետև որոշակիություններ չկան, և որովհետև լիազորված չեմ»,- 168.am-ի հետ զրույցում  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համագործակցության ձևաչափի մասին։

Հիշեցնենք, որ 3 կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են, որի ընթացքում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, իսկ դեկտեմբերի 12-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև դեկտեմբերի 12-ն իրենք լիազորված չեն խոսել ավելին՝ համագործակցության ֆորմատի հետ կապված հարցերի մասին։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ուրիշ ուժեր ևս հետագայում միանան այդ համագործակցության ձևաչափին, մեր զրույցակիցն այսպես պատասխանեց. «Երբ քննարկումները սկսվել են, նման հնարավորություններ եղել են, ու դռները փակ չեն նման համագործակցության համար, բայց, այնուամենայնիվ, դրանք պետք է լինեն ուժեր, որոնք կիսում են երեք կուսակցությունների ընդհանուր տեսլականը և մոտեցումները հիմնական հարցերի լուծման վերաբերյալ։ Իհարկե, կան կուսակցություններ, որոնց հետ համագործակցությունը բացառվում է, և դրա մասին մենք նախկինում էլ ենք հայտարարել։ Դրանք բոլոր այն ուժերն են, որոնք այս կամ այն կերպով վերջին 10 տարիներին կապված են եղել Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ և մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ից հետո համագործակցել են Սերժ Սարգսյանի կառավարության հետ, դա վերաբերում է ինչպես՝ կուսակցությունների, այնպես էլ՝ որոշ անհատների»։

Ա. Հարությունյանը հստակեցրեց, որ խոսքը գնում է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդի», տարբեր անհատների մասին, որոնք հիմա իշխանության մեջ չեն, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ցանկանում է ամեն գնով միավորվել «Հանրապետություն», ՔՊ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքին, սակայն այստեղ հակված չեն ընդունելու Խ. Քոքոբելյանին, նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս խոստանում է լուծել համագործակցության ողջ նախընտրական ծախսերը։

Ա. Հարությունյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այս պահին լիազորված չեմ դրա մասին խոսելու։ Այդ ֆորմատի հետ կապված մնացած բոլոր մանրամասները դեկտեմբերի 12-ին պարզ կդառնան»։

Տեսանյութեր

Լրահոս