
«ԵՄ ղեկավարները հաշվի չեն առնի Եվրախորհրդարանի բանաձևը». Թուրքիայի փոխվարչապետ

Եվրամիությունը մուտք կգործի ճգնաժամի շրջան, եթե չկարողանա ձևավորել միասնական բանակ, կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Նա TRT Haber հեռուստաալիքի եթերում հիշեցրել է, որ Եվրամիությունը ստեղծել է ընդհանուր դրամական համակարգ և խորհրդարան՝ կատարելով միասնական եվրոպական պետության ձևավորման կարևոր առաքելություն, սակայն չի կարողացել ստեղծել համատեղ բանակ։
«Այսօրվա դրությամբ ԵՄ-ն մեծ դժվարություններ ունի քաղաքական ինտեգրացման ապահովման հարցի շուրջ»,- կարծում է Քուրթուլմուշը։
Նա ենթադրում է, որ դեկտեմբերի 15-16-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթաժողովում հաշվի չի առնվի Եվրախորհրդարանի խորհրդատվությունը՝ կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ բանակցությունները։
«Կարծում եմ՝ եվրոպացի առաջնորդները չեն աջակցի Թուրքիայի նկատմամբ բացասական մոտեցմանը Եվրախորհրդարանի օրինակով»,- ասել է Քուրթուլմուշը։