Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը միջուկային համաձայնագրի խախտում է, հայտնում է Reuters գործակալությունը։
«ԱՄՆ Կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարաձգումը Միջուկային ծրագրի համաձայնագրի խախտում է։ Մենք այդ մասին կհայտնենք Իրանի կոմիտեին, որին հանձնարարված է հետևել գործարքի կատարմանը»,- այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
ԱՄՆ Սենատը նախօրեին կայացած նիստում փաստաթուղթ էր ընդունել Իրանի հանդեպ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին։ Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել էր սենատորների մեծ մասը։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն քվեարկել էր պատժամիջոցների երկարաձգման օգտին։