Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն «վտանգավոր ազդանշան» է որակել Ասադին տապալելու մասին Էրդողանի հայտարարությունը

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱԳՆ-ն վտանգավոր ազդանշան է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը ռազմական ճանապարհով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մասին, հայտնում է Interfax-ը։

«Մենք երբեք պատրանք չենք ունեցել այն բանի վերաբերյալ, թե ինչ նպատակներ են հետապնդում ԱՄՆ-ն ու նրա մի շարք դաշնակիցները տարածաշրջանում սիրիական քաղաքականություն վարելիս։ Այդ նպատակը երբեք չի քողարկվել»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այն մասին, որ Սիրիայի ապագան տեսնում են առանց Ասադի։

«Այլ հարց է, որ Դամասկոսում ռեժիմը փոխելու համար ձեռնարկվում են կոնկրետ ռազմական ջանքեր։ Գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել, դրա հետ կապված, իհարկե, մեզ անհանգստացնում են»,-ընդգծել է Ռյաբկովը։ Նա հավելել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ տարբերվում է Ռուսաստանի տեսակետից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Անկարան Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի ռեժիմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս