Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում զինված անձինք հարձակվել են ոստիկանության վրա
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Էյյուբիյե գավառում զինված անձինք հարձակվել են հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա: Այդ մասին հայտնում է milliyet.com.tr լրատվական գործակալությունը: Նրանք նախ ինքնաշեն պայթուցիկ են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ապա ինքնաձիգներից կրակ արձակել: Հարձակման հետեւանքով վիրավորվել է 3 ոստիկան:
Շանլըուրֆայի ոստիկանությունն ահաբեկիչներին բացահայտելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել: Նախնական տվյալներով հարձակումն իրականացրել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: