
Լավրովը ժամանել է Թուրքիա հանդիպելու Չավուշօղլուին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է թուրքական Ալանիա, որտեղ դեկտեմբերի 1ին կմասնակցի ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 5-րդ նիստին և բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ:
Այդ մասին հաղորդում է «Ռիանովոստի»-ն: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ քննարկումների հիմնական թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը:
Ռուս նախարարի այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես գալով Ստամբուլի համալսարանում, հայտարարել էր, որ թուրքական բանակը Սիրիայում սկսել է ռազմական օպերացիա, որպեսզի վերջ դնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը:
Կրեմլում նման հայտարարությունն անվանել են «շատ լուրջ» և «նախորդների հետ հակասության մեջ մտնող», սակայն զերծ են մնացել հապճեպ եզրակացություններից` առաջարկելով սպասել թուրք գործընկերների պարզաբանումներին: