
ՀՀԿ-ի ձայն բերող պատգամավորներն ընդվզել են «ծեծող փայտից». Լևոն Զուրաբյան

ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսվող փոփոխություններից մեկով հնարավորություն է ընձեռվում խմբակցության ղեկավարին` պատգամավորի կողմից տրված հատուկ լիազորագրով քվեարկել բացակա գործընկերների փոխարեն: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դա խայտառակություն է:
«Այս իշխանությունն ընդհանրապես այդ գործելաոճն ունի` իր ապօրինությունները, հանցագործությունները հետին թվով լեգալացնելու: Միշտ խախտում են, հետո գտնում են մի սահմանադրական կամ օրինական ձև այդ խախտումներն օրինականացնելու համար: Սա մի անընդունելի բան է, երբ լիազորագիր է գրվելու, և խմբակցության ղեկավարը բացակայող պատգամավորի փոխարեն հնարավորություն կունենա քվեարկել: Սրանով, փաստորեն, ուզում են իրենց ներկայությունն ապահովող պատգամավորներին, որոնք ձայն բերող են, բայց ձայն չունեն ԱԺ-ում, նրանց գործը հեշտացնել»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա՝ այդ ձայն բերող պատգամավորները հավանաբար ընդվզել են, որ իրենց «ծեծող փայտով» առավոտները բերում են քվեարկության, և այժմ ուզում են լիազորագրով փոխարինել.
«Նման բան որևէ ժողովրդավարական երկրում չկա, որ որևէ պառլամենտական կարողանա ուրիշի փոխարեն քվեարկել: Ի վերջո, էլեկտրոնային դար է, կարող են ձև գտնել, որ մարդիկ էլեկտրոնային ստորագրությամբ հեռվից քվեարկեն, բայց ոչ նրա փոխարեն ուրիշը քվեարկի»: