Բաժիններ՝

«Ապագան կառուցվում է լեգենդներ ստեղծելով». «HENNESSY» տան բրենդ ամբասադոր Գիյոմ դը Գիտո

Եռօրյա այցով Հայաստանում գտնվող լեգենդար «HENNESSY» տան բրենդ ամբասադոր Գիյոմ դը Գիտոյի մասնակցությամբ հատուկ ԶԼՄ-ների համար կազմակերպված ճաշկերույթ-համտեսին ներկա 168.am-ը լսել է հայտնի կոնյակն աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից մեկի բացառիկ վարպետության դասը:

Միջոցառման ընթացքում բրենդ-ամբասադորը հյուրերին ներկայացրեց լեգենդար «HENNESSY» կոնյակի ստեղծման հարյուրամյա ավանդույթները, հնեցման գաղտնիքները, զարգացման պատմությունը, ինչպես նաև ծանոթացրեց կոնյակի օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին:

Լրագրողների հետ ճաշկերույթ-համտեսի համար «HENNESSY» տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն ընտրել էր աշխարհի կոնյակի գնահատողների շրջանակում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացող «HENNESSY» երեք կոնյակները՝ V.S. («Very Special»), V.S.O.P. («Very Superior Old Pale») և X.O. («eXtra Old»), որոնց փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները ճանաչեցին և բացահայտեցին «HENNESSY»-ի իրական առեղծվածը:

Համաշխարհային կոնյակագործության լեգենդ «HENNESSY» տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած եզակի ընկերություններից է, որ ավելի քան երկու դար համարվում է համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողը:

konyak-1

Ներկայացնելով «HENNESSY» տան պատմությունը, լեգենդար կոնյակն աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից ֆրանսիացի Գիյոմ դը Գիտոն պատմում է, որ հայտնի կոնյակի ստեղծման պատմությունը սկսվել է 1765 թվականից, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հեննեսսիին բախտ է վիճակվում փորձել բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանսիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հեննեսսին տեղափոխվում է Ֆրանսիա և հենց Կոնյակում հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Այսպիսով, Ռիչարդ Հեննեսսին աշխարհին նվիրում է խմիչքի մի նոր տեսակ՝ «կոնյակ» անվանումով, որը «HENNESSY» տան շնորհիվ սկսում է շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե՝ որպես քաղաքի անվանում, այլ՝ որպես խմիչք: Արդեն XIX դարի երկրորդ կեսերին «HENNESSY» տան ներկայացուցիչ Մորիս Հեննեսսին հեղաշրջում է մտցնում կոնյակի աշխարհում՝ առաջարկելով կոնյակների գնահատման նորարարական մոտեցում՝ կոնյակները դասակարգելով՝ ըստ հնեցման հիմքերի, որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը.

konyak-3

«Հեննեսսիների գերդաստանից յուրաքանչյուր ոք, ով ժառանգել է այս բիզնեսն ու տիրապետում է դրա գաղտնիքներին, սիրահարված է իր գործին և սերնդեսերունդ փոխանցում է այն իր ժառանգներին: Միգուցե շատերին թվում է, թե կոնյակագործների աշխատանքը հաճելի զբաղմունք է, բայց այստեղ պետք է նկատել, որ սա բավական բարդ մասնագիտություն է, թեկուզ միայն նրա համար, որ նրանք ամեն Աստծո օր ստիպված են դեգուստացիա անել 40-50 տեսակի կոնյակներ: Իրականում սա այնքան բարդ ու պատասխանատու մի պրոցես է, որը հասկանալու համար բավական է միայն իմանալ՝ «HENNESSY» կոնյակների բացառիկ համն ու որակը պահպանելու համար յոթ մասնագետ ամեն օր նույն ժամին հավաքվում են նույն տեղում, նստում նույն աթոռին և փորձում օրական 40-50 տեսակի կոնյակ։ Եվ որպեսզի նրանք չկորցնեն շատ նուրբ բույրի զգացումը և ճշգրտությամբ ընկալեն քիմքային համը, նրանք երբեք չեն օգտագործում պարֆյում։ Մենք ձեզ հետ միասին այսօր կփորձենք լեգենդար «Hennessy»-ի առաջարկած կոնյակներից երեքը»,- դիմելով հանդիպմանը ներկա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասաց «HENNESSY» տան բրենդ ամբասադոր Գիյոմ դը Գիտոն:

konyak-6

Մանրամասնելով «Hennessy» կոնյակի արարման ծեսը՝ Գիյոմ դը Գիտոն ներկայացնում է կոնյակի ստեղծման մոգական փուլերը:

«Նախ՝ ընտրվում է առաջնակարգ հյութեղ խաղողը, որից ստացված գինին լցնում ենք թորման համար նախատեսված վիթխարի պղնձյա տարաների մեջ: Միայն կրկնակի թորման փուլից և նվազագույնը երկամյա հնեցումից հետո ստացված սպիրտը կարող է «Hennessy» կոնյակի մաս կազմել: Եվ միայն Բորդերիի, Ֆան Բուայի, Գրանդ Շամպայնի և Փըթիթ Շամպայնի խաղողի այգիների բերքից ստացված կոնյակի սպիրտը՝ իր անգերազանցելի և անկրկնելի փնջերով, պատիվ ունի դառնալու «Hennessy» կոնյակի մաս»,- պատմեց Գիյոմ դը Գիտոն՝ առաջարկելով հանդիպմանը ներկա լրագրողներին՝ ծանոթանալ կոնյակի նոր և թարմ սպիրտի խաղողաբույր հոտին, որը, ըստ հյուրի՝ պարունակում է 70 % ալկոհոլ:

konyak-7

Արարման հաջորդ փուլը, ըստ «HENNESSY» տան բրենդ ամբասադորի՝ հնեցումն է.

««Hennessy» կոնյակների հնեցումը բավական ժամանակատար, շատ դեպքերում՝ տասնամյակներից մինչև նույնիսկ դարեր տևող պրոցես է: Կոնյակի սպիրտները պահվում են «Hennessy»-ի տան կիսամութ մառաններում, հասունանում տանին արտադրող և անպայմանորեն ֆրանսիական կաղնու փայտից պատրաստված տակառներում: Այդ տակառները պատրաստվել են Տրոնսե անտառի դարավոր կաղնիներից, որոնք տնկվել էին դեռևս XVII դարում Լյուդովիկոս XIV արքայի նավատորմի կառուցման համար։ Նման տակառների թիվն անցնում է 300 հազարից։ «Hennessy» տունը հիրավի կարող է հպարտանալ կոնյակի սպիրտների՝ աշխարհի ամենամեծ պաշարով»:

konyak-10

Երբ կոնյակի սպիրտը հասնում է կաղնու տակառներում հնեցման գագաթնակետին, այն լցնում են խաղողի ոստերով հյուսապատված ապակյա հերմետիկ շշերի մեջ։ Դրա շնորհիվ այն տասնամյակներ շարունակ պահպանում է բացառիկ հատկությունները:

«Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում սպառվում է մեկ շիշ «HENNESSY», իսկ ամեն տարի տակառներից 5 միլիոն շշին համարժեք կոնյակ է ցնդում օդում: Ֆրանսիացիներն օդում ցնդած կոնյակի չափաբաժինները համարում են «հրեշտակների բաժին», և այդ է պատճառը, որ հրեշտակներն այդքան բարի և երջանիկ են: Խոստանում եմ, որ համտեսից հետո դուք հրեշտակների զգացողությունը կունենաք»,- կեսկատակ-կեսլուրջ նկատեց Գիյոմ դը Գիտոն:

konyak-8

konyak-2

konyak-15

«HENNESSY» երեք կոնյակների՝ V.S. («Very Special»), V.S.O.P. («Very Superior Old Pale») և X.O. («eXtra Old»), համտեսից հետո Գիյոմ դը Գիտոն լրագրողներին առաջարկում է վայելել նաև կոնյակի հումքից պատրաստված մրգային կոկտեյլներ, ինչպես նաև նկատում՝ կոնյակը ոչ միայն կարելի է, այն պետք է ըմպել նաև սառույցով, քանի որ սառույցով մատուցվող կոնյակը հնարավորություն է ընձեռում բացահայտելու այս խմիչքի համերի և բույրերի բոլորովին նոր երանգներ:

konyak-13

HENNESSY տան հիմնարար սկզբունքներն են՝ ավանդույթների հանդեպ հարգանքը և ձգտումը դեպի փոփոխությունների: «Hennessy» տան ոգին, որը չի ենթարկվում ո՛չ ժամանակին, ո՛չ հանգամանքներին, և այս գերդաստանի հարուստ ժառանգության ինքնատիպ խորհրդանիշը «Հիմնադրի մառանն» է: Այստեղ պահվող կոնյակի սպիրտներից յուրաքանչյուրն ունի նվազագույնը՝ հիսուն, իսկ մի քանիսը՝ հարյուր և ավելի տարվա հնեցում: Ամենահինը պատրաստվել է դեռևս Ռիչարդ Հեննեսսիի կենդանության օրոք՝ 1798թ.:

Լեգենդար «Hennessy» կոնյակի տունն ընտանեկան բիզնեսը համաշխարհային բրենդի վերածելու եզակի օրինակներից է: «Hennessy»-ն մաս է կազմում շքեղության պարագաներ արտադրող «Louis Vuitton», «Moët Hennessy» ֆրանսիական հոլդինգի շամպայն արտադրող «Moët & Chandon»-ի հետ: «Hennessy» տունը տարեկան ավելի քան 50 միլիոն շիշ կոնյակ է արտադրում և կոնյակի վաճառքի ցուցանիշով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։

konyak-12

konyak-14

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս ընտրել լավագույն կոնյակը, «HENNESSY» տան բրենդ ամբասադորը կեսկատակ պատասխանում է.

«Նրանք, ովքեր հարստացել են պատահականության սկզբունքով և համեմատաբար վերջերս, որպես կանոն՝ նախընտրում են իրենց տներում ունենալ ամենաթունդ ու ամենաթանկ կոնյակը, այնինչ իրական համեր փնտրող անկեղծ սպառողն անպայմանորեն կփնտրի ու կգտնի իրենը»:

Արդյո՞ք Գիյոմ դը Գիտոն փորձել է հայկական արտադրության կոնյակ, և կարո՞ղ է այն մրցակից համարվել «HENNESSY»-ին, բրենդ ամբասադորը պատասխանեց.

«Այսօր ճաշին փորձեցի 10 տարեկան «Արարատ» Բրենդի: Հավանել եմ… իսկ «HENNESSY»-ի մրցակից այն չի համարվում, չնայած «Արարատը» մեծ պոտենցիալ ունի»:

Գիյոմ դը Գիտոն «HENNESSY» տան բրենդ ամբասադոր է նշանակվել 2016 թվականի հունվարին: Իր մասնագիտական կարիերայի 20 տարիները Գիյոմ դը Գիտոն նվիրել է «HENNESSY» ապրանքանիշին: Նա 1995 թվականից ղեկավարել է՝ «HENNESSY», այնուհետև՝ «Moët Hennessy» ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի բաժինը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում զբաղեցրել է «Moët Hennessy»-ի ռիսկերի կառավարչի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս