Ադրբեջանում արգելափակվել են մի շարք լրատվամիջոցների կայքեր
Ադրբեջանում արգելափակվել են Ազատություն թերթի, Meydan TV-ի, Ամերիկայի ձայնի, Ազատություն ռադիոկայանի ինտերնետային կայքերը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadlıq.info լրատվական գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ` հետաքրքրական է այն հանգամանքը, որ վերոնշյալ կայքերը արգելափակված են միայն ադրբեջանական օգտատերերի համար, իսկ Ադրբեջանի տարածքից դուրս հասանելի են:
Ադրբեջանի կապի նախարարությունը կայքերի արգելափակման վերաբերյալ որեւէ բացատրություն չի տվել:
Տարեսկզբին Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմայիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է:
Տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ է տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV: