«Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017 թ. ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար». Լևոն Զուրաբյան
«Շատ պարզ հնարք է կատարվում. Սերժ Սարգսյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանն ասել է, որ իր` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը կախված է 2017 թ. խորհրդարանական ընտրություններից: Ինքն ի նկատի չունի, որ 2017 թ. ապրիլից հետո դառնալու է վարչապետ: Ինքն ի նկատի ունի, որ 2018 թ. ապրիլի 9-ից հետո է դառնալու վարչապետ: Այդ հարցն է նա դնում կախվածության մեջ ընտրությունների արդյունքից: Բնականաբար, 2017 թ. ամբողջ ՀՀԿ-ն կարող է խոստանալ, որ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ: Այսինքն, եթե ամեն ինչ գնում է Սերժ Սարգսյանի սցենարով, ստացվում է, որ, քանի որ իրենք, չգիտեմ ինչի, համարում են, որ դա շատ հաջող PR է, մի գործիք է, որով իրենք կարող են շահել պառլամենտական ընտրությունները, այսինքն` Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվում է 2017 թ. ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասածի, ինքը դառնալու է վարչապետ 2018 թ.-ից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հաջորդ տարվա ապրիլից հետո, եթե ընտրություններում ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի, կշարունակի մնալ վարչապետի պաշտոնում:
Անդրադառնալով ՀՀԿ-ին մեկ գիշերում 7000 հոգի անդամակցելու խնդրին` Լ.Զուրաբյանը դա որակեց՝ որպես «ամենախայտառակ բան», և նշեց, որ իրականում հայտնի է, որ մասսայաբար ստիպել են ջրի, լույսի, գազի ոլորտների աշխատողներին գնալ ու ընդգրկվել կուսակցության մեջ. «Ես ուղղակի զարմանում եմ, լավ, հասկանում ենք PR-ը, ռեկլամը, բայց մի՞թե նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ չեն հասկանում, որ հենց այդ մարդկանց մոտ, ում իրենք ստիպել են մտնել կուսակցություն, առաջացնելու է զզվանքի, ատելության, օտարման զգացում»:
Դիտարկմանը, թե գուցե ինքնակամ և հաճույքով են անդամակցել, Լ.Զուրաբյանը նկատեց. «Մարդիկ կան, որ բռնությունից հաճույք են ստանում»:
«ՀՀԿ-ն իր 18-րդ տարում ձեռք է բերել ծերունական զառամյալի այն բոլոր սիմպտոմները, որ բնորոշ էին КПСС-ին 70-80-ական թվականներին,- ասաց Լ.Զուրաբյանը` հավելելով, որ, երբ այն ժամանակ իրականությունից կտրված արդյունքներ էին արձանագրում, Բրեժնևից սկսած՝ բոլոր ղեկավարները հավատում էին այդ արդյունքներին, որովհետև կտրված էին իրականությունից,- Կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը և իր շրջապատն այնքան են կտրվել կյանքից, որ միգուցե հավատում են այդ թվերին: Տնտեսական ակտիվության ինդեքսը Տիգրան Սարգսյանը հատուկ էր մտցրել, որ ավելի բարձր ցույց տա, քան ՀՆԱ-ն, բայց դա այսօր ընկել է 0-ի, այսինքն` բացարձակ անկում է»: