Իսրայելի հրդեհները հաջողվել է մարել. ձերբակալվել է 35 մարդ
Իսրայելում անտառային ուժեղ հրդեհներն սկսելուց ի վեր ողջ երկրում ձերբակալվել է 35 մարդ, որոնք կասկածվում են դիտավորյալ կերպով անտառները հրդեհելու մեջ: Նրանց մեծ մասը Պաղեստինի ինքնավարության բնակիչներ են, այսօր հայտնել է իսրայելական ռադիոն:
Նոյեմբերի 24-ին Հայֆայում սկսվել էին հրդեհները, որոնք տարածվել էին երկրի հյուսիսի և կենտրոնի կողմը: Տարհանվել էր 60 հազար մարդ: Իսրայելի իշխանությունները հայտարարել էին ահաբեկչությունների մասին:
Իսրայելի ներքին անվտագության նախարար Գիլադ Էրդանը, հայտարարելով ահաբեկչության նոր տեսակի մասին, արտահայտվել էր այն բանի օգտին, որ ավերվեն հրձիգների տները:
Իսրայելցի արաբների ներկայացուցիչները, որոնք կազմում են երկրի բնակչության 17.5%-ը, հերքում են մեղադրանքները՝ նշելով, որ արաբների տները կրակից տուժում են այնպես, ինչպես հրեա հարևանների տները:
Այսօր Իսրայելի հակահրդեհային ծառայությունը հայտնել է, որ երկրում բոլոր հրդեհները մարվել են: Նավահանգստային Հայֆա քաղաքում վնասվել է մոտ 1800 բնակարան, ավելի քան 500-ը անպիտան է դարձել բնակության համար, տուժել է ավելի քան 120 մարդ: