Կալիֆոռնիայի 3 մզկիթներ սպառնալիքներով նամակներ են ստացել
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտնել է, որ Կալիֆոռնիայի 3 մզկիթներ սպառնալիքներով լի նամակներ են ստացել:
Los Angeles Times-ը, հղում կատարելով կենտրոնին, գրում է, որ նամակները հասցեագրված են «Սատանայի երեխաներին», իսկ որպես ստորագրություն եղել է «Ամերիկացիներ՝ հանուն պայծառ ապագայի» արտահայտությունը:
«Քաղաքում նոր շերիֆ կա՝ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա պատրաստվում է մաքրել Ամերիկան ու այն դարձնել շողացող»,- թերթը մեջբերել է մուսուլմանների նկատմամբ սպառնալիքները:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի գործադիր տնօրեն Հուսամ Այլուշը հայտարարել է պարբերականին, որ Թրամփի քարոզարշավի «անպատասխանատու ու ագրեսիվ հռետորաբանությունը» ավելացրել է ատելության ու զայրույթի ալիքը Թրամփի կողմնակիցների շրջանում:
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ տեղի ունեցածը որակելով որպես «դեպք, որը կապված է ատելության հրահրման հետ»: