ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀ Նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա ծրագրային ելույթով: ՀՀ նախագահն իր ելույթում կանդրադառնա միջկուսակցական կապերի զարգացմանը ավանդական գործընկերների հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան սփյուռք կապերին, ապագա զարգացումներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այս կազմով կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, քննարկել ենք կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններին վերաբերող հարցեր, վաղը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը: Նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով»,­- «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության Վիգեն Սարգսյանի՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու հեռանկարին՝ Շարմազանովն ասաց. «Համագումարի պատվիրակները վաղն իրենց քվերակությամբ կորոշեն, բայց բնականաբար, նրանք չեն կարող լինել շարքային անդամներ, նրանք կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո և դրան զուգահեռ 7 հազար քաղաքացիներ անդամակցել են Հանրապետական կուսակցությանը»:

Նա հավելեց, որ համագումարի ժամանակ անակնկալներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում, իսկ գործադիր մարմինեը կհամալրվի նոր անձանցով:

Տեսանյութեր

Լրահոս