Բաժիններ՝

Ի՞նչ արժե «Պոբեդայի» ամենաէժան տոմսը

asparez.am. PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ` «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին: Տոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաեւ Երեւանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաեւ «Պլյուս» եւ «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են, համապատասխանաբար` 2.000 և 6.000 ռուբլի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երեւան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղեւորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է:

Գյումրիում «Պոբեդա» ավիաընկերության տոմսերի օն-լայն վաճառքով զբաղվում է «Վարդպարոնյան» ավիաձեռնարկությունը: Այս կազմակերպությունը չվացուցակը ստացել է նոյեմբերի 22-ին, իսկ տոմսերի վաճառքը սկսել` 24-ից:

-Տոմսերը արժենալու են 1 հազար ռուսական ռուբլի, բայց արժեքը բարձրանալու է` կախված ուղեբեռի քաշից,-ասում է «Վարդպարոնյան» ավիաձեռնարկության տոմսերի վաճառքի մենեջեր Գայանե Մանուչարյանը եւ ավելացնում, որ դեկտեմբերի 15-ի համար սահմանված ամենաէժան գինը 8 300 դրամն է, որը իր մեջ չի ներառում ուղեբեռ:

-Նույն օրը` 5 կիլոգրամ ուղեբեռով կա նաեւ 12 հազար դրամ արժեքով տոմս, 10 կիլոգրամ բեռը` 15 հազար դրամով, մինչեւ 28 հազար դրամով տոմս կա, որը ներառում է 10 կգ ձեռքի եւ նույնքան էլ բեռնախցիկի համար նախատեսված ուղեբեռ,-պարզաբանում է վաճառքի սրահի մենեջերը:

«Պոբեդա» ավիաընկերության կայքում առաջարկվում է ընտրել «ստանդարտ», «պլյուս» եւ «պրեմիում» ավիատոմսերի փաթեթներից մեկը: Ստանդարտն իրենից ենթադրում է այն, որ ինքնաթիռում նստատեղը համակարգն է որոշում, իսկ ուղեբեռը 10 կիլոգրամից ավել չի կարող լինել: «Պլյուս» տոմսը նախատեսում է սրահում ունենալ 10 կգ ուղեբեռ եւ նստատեղն ընտրելու հնարավորություն: «Պրեմիում» տոմսն իր մեջ ներառում է սրահում ունենալ 10 կգ, ինքնաթիռում՝ 20 կգ ուղեբեռ, նստատեղի անվճար ընտրելու, տոմսի ժամկետների փոփոխման, տոմսը ետ տալու հնարավորություններ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նարեկ Կիրակոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս