«ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը». Կարեն Կարապետյան

«Վարչապետի պաշտոնը ստանձնելով` ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի` վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը` ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է Հանրապետության նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: Վարչապետի խոսքով` եթե նույնիսկ հաշվի չառնենք իր նշած այս կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեն ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ իր քաղաքական հենարանը. «Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից»:

Կ.Կարապետյանը վստահություն հայտնեց, որ փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան կարող է լինել ՀՀԿ-ն, քանի որ իրեն հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ իր համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան:

Ըստ նրա` այս նոր իրավիճակում իր ընկերներից և համախոհներից շատերը ցանկանում են միանալ գործընթացին, բայց պարտադիր չէ, որ կառավարության անդամներն անդամակցեն ՀՀԿ-ին. «Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է»:

«Ինչպես մյուս կուսակցությունները ՀՀԿ-ն նույնպես ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- ասաց Կ.Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս