
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք դրույթներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական հանրաքվեից հետո թևակոխել է օրենսդրական բարեփոխումների չափազանց կարևոր փուլ, որի բաղկացուցիչներն են սահմանադրական օրենքները. դրանցից երկուսի՝ «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նախատեսվում է ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդատվական եզրակացությունները: Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները և նշել, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրառման ժամանակ:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին ու լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկները: