
Հայկական սփյուռքը ռուսական հասարակության օրգանական մասն է. պատրիարք Կիրիլ

Ռուս ուղղափառ եկեղեցին մշտապես աջակցել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Առաջինը` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բի հետ հանդիպման ժամանակ:
Պատրիարքը շեշտել է, որ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին աջակցել են ինչպես պետական, այնպես էլ հոգևոր իշխանությունները:
«Հայկական սփյուռքը ռուսական հասարակության օրգանական մասն է: Շատ ակտիվ մարդիկ են, ովքեր նշանակալի դիրք են զբաղեցնում: Այդպիսին է մեր ռուսական պետության բնույթը` այստեղ յուրաքանչյուրը կարող է հանգիստ աշխատել, կարիերա ստեղծել, գումար վաստակել»,- ասել է Կիրիլ պատրիարքը:
Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարքին 70-ամյակին առիթով և ընդգծել, որ տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով բոլոր ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությունը վկայում է մեծ սիրո և Կիրիլ պատրիարքի աշխատանքի հանդեպ գնահատանքի արդյունք: «Ուրախալի է, որ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են և նոր ոլորտներ են ընդգրկում»,- շեշտել է Գարեգին Բ-ն: