
Թուրքիայում նոյեմբերի 22-ին կկայանա գյուլենականների գործով առաջին դատական նիստը

Թուրքիայում նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Ֆեթուլլահ Գյուլենի ազդեցիկ կրոնական կազմակերպության` «Հիզմեթ հարեքեթի»-ի բարձրաստիճան անդամների դատավարության առաջին դատական նիստը:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը: Դատավարությունը տեղի կունենա նոյեմբերի 22-25-ը Անկարայի ծանր հանցագործությունների 4րդ դատարանում: Մեղադրանք է առաջադրված 73 անձի նկատմամբ, բայց դատավարությանը ներկա կլինեն միայն 6 մեղադրյալներ, քանի որ մնացյալները գտնվում են փախուստի մեջ:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Գյուլենի եւ նրա համայնքի բարձրաստիճան անդամների վերաբերյալ մոտ 2 տարի առաջ թղթածրար է կազմել եւ սկսել հետախուզական գործողություններ իրականացնել:
Բոլոր մեղադրյալները, այդ թվում Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են զինված կազմակերպություն հիմնելու եւ ղեկավարելու, սահմանադրական կարգը խախտելու, կառավարությունը տապալելու փորձի, քաղաքական եւ ռազմական լրտեսության հատկանիշներով:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է:
Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: