
Facebook-ը կպայքարի կեղծ լուրերի դեմ

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է կեղծ նորությունների և, առհասարակ, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցների մասին: Ըստ նրա, ընկերությունում լուրջ են վերաբերվում այդ հարցին և սոցցանցի առջև դրված են տեխնիկական և փիլիսոփայական խնդիրներ:
«Մենք չենք ցանկանում ինքներս հանդես գալ որպես դատավորներ, այլ ցանկանում ենք հաշվի առնել մեր հասարակության և երրորդ կողմի կարծիքը»,- գրել է Ցուկերբերգն իր էջում:
Նա նշել է, որ անհրաժեշտ է խուսափել կարծիքների փոխանակումը սահմանափակելուց կամ սխալմամբ արգելափակել ճշմարտացի հաղորդագրությունները: Ըստ Ցուկերբերգի, սոցցանցերում կեղծ լուրերի թիվը կազմում է 1 տոկոս:
Խոսելով կեղծ նորությունների դեմ պայքարի միջոցների մասին, սոցիալական ցանցի հիմնադիրը հայտարարել է, որ շուտով օգտվողները կկարողանան տեղեկացնել կեղծ լուրերի մասին: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է համագործակցել այնպիսի ընկերությունների և մասնագետների հետ, ովքեր զբաղվում են փաստերի ստուգմամբ:
The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստել է նաև կեղծ լրատվությունը Facebook-ում: