«Ինձ համար նշանակություն չունի՝ Կարեն Կարապետյանը կդառնա՞ կուսակցական, թե՞ ոչ»

Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ միշտ էլ 100 օր նշանակված կառավարությունների մասին որևէ կարծիք չի հայտնել:

«Դա այն ժամկետն է, որի ընթացքում երևում են նրանց կատարած քայլերի դրական և բացասական կողմերը, ու ըստ այդմ գնահատականներ են տրվում: Կարեն Կարապետյանի նշանակումը ողջունել եմ՝ մի քանի խնդիրներից ելնելով, հատկապես այն առումով, որ ապրիլյան քառօրյայից և հուլիսյան դեպքերից հետո իշխանություններն իրենք հասկացան, որ շատ ուղղություններում բացթողումներ կան և հարկավոր է գնալ արմատական փոփոխությունների»:

Նրա խոսքով՝ այն, որ Կարեն Կարապետյանին տրված են բացարձակ լիազորություններ թե՛ կադրերի նշանակման, թե՛ հետագայում նրանց կատարած գործողությունների պատասխանատվության առումով, արդեն բացահայտ երևում է. «Դա ողջունելի է. սպասենք արդյունքներին»:

Գ. Իսագուլյանի համար նշանակություն չունի՝ Կարեն Կարապետյանը կդառնա՞ կուսակցական, թե՞ ոչ. «Թող դառնա ու ավելի լավ աշխատի. դա առավել գովելի կլինի»:

Ինչ վերաբերում է ազգ-բանակ կոնցեպտին ու բանակի համար հավաքվող 1000 դրամների խնդրին, ապա նա նշեց, որ կարևոր է՝ բոլոր հայերը մասնակցություն ունենան բանակի կյանքին: «Կարելի էր սկսել 10 դրամից կամ 100 դրամից, բայց հավաքում են 1000 դրամ, և չեմ կարծում, թե այդտեղ որևէ տարբերություն կա: 1000 դրամը խորհրդանշական է, և չեմ կարծում, թե ֆիքսված գումար է: Լավ կլինի, որ մեր պատգամավորներից շատերը հետևեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին ու հրաժարվեն իրենց աշխատավարձերից. թող դրանք ուղղվեն բանակին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ ճիշտ նախաձեռնություն է:

 

Տեսանյութեր

Լրահոս