«Այդ հայ պատգամավորը ես եմ». Արմեն Ռուստամյան
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հայկական կողմը միշտ դեմ է եղել, իսկ այսօր այդ հանձնաժողովի անվանափոխումը շահարկվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում:
«Նիստի ընթացքի հետ կապված ներկայացվում է, թե կանխվել է հայ պատգամավորի սադրանքը: Այդ հայ պատգամավորը ես եմ, և եթե որևէ սադրանք կանխվել է, նախ հատուկ հանձնաժողովը, ըստ էության, աշխատելով գրեթե 1.5 տարի, ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել, առաջարկ է կատարվել այդ հանձնաժողովի ղեկավարի կողմից, որ վերածվի ուղղակի հանձնաժողովի: Ադրբեջանի մամուլը հեղեղված է դրանով, լոբբիստները լավ են աշխատել, բայց յուրովի են ներկայացրել»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Ըստ նրա՝ ամեն անգամ օրակարգից օրակարգ է անցնում մի ձևակերպում՝ «ԼՂ և մնացած գրավյալ տարածքներ», բայց ամենամեծ պրովոկացիան այն էր, որ հանձնաժողովի ղեկավար, ավստրիացի պատգամավոր Շտեֆան Շեննախը հայտարարեց, թե իբր հայկական կողմը համաձայնել է այդ ձևաչափով շարունակել նիստը, բայց նման բան չի եղել:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ իրենք ասել են, որ այս ձևակերպմամբ որևէ իմաստ չեն տեսնում շարունակելու կոնֆլիկտի քննարկումը, և, հավանաբար, հանձնաժողովն այդ կերպ այլևս չի գործի:
«Շեննախն անպայման ուզում է ինչ-որ մի բան ղեկավարի, երևի դրա համար ուզում է ինչ-որ մի բան ձևավորվի, որ ինքը նախագահի»,- հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը: