Բաժիններ՝

«Հայկական պատվիրակության համար հիմա ամենակարևոր խնդիրը Անահիտին լիովին առողջացնելն է». Նիկ Էգիբյան

Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը։ Այս տարի Հայաստանը հանդես է գալու դուետով. Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կատարելու են Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։

Հայկական պատվիրակությունը Վալետայում է, երեխաները փորձերի են: Պատվիրակության անդամ Նիկ Էգիբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է երեխաների տրամադրությունը, ինչպե՞ս են պատրաստվում եզրափակիչ համերգին, Մալթայի մայրաքաղաքում իրենց ինչպե՞ս են զգում:

«Երեխաների տրամադրությունը բարձր է: Բայց երբ հասանք այստեղ, երեխաները բրոնխիտ ունեցան. բոլոր թիմերն ունեն բրոնխիտ, բոլորն իրարից վարակվել են: Սկզբում մղձավանջ էր, բայց հիմա լավանում են, և արդեն վաղը կկարողանանք նորմալ երգել: Վաղը գնահատականի օրն է. ժյուրին վաղն է գնահատում, մյուս օրն էլ եզրափակիչ համերգն է, բայց ամենակարևորը վաղվա գնահատականներն են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Նիկը:

15151071_1025709594205968_327376154_n

Նա նշեց, որ հայկական պատվիրակության համար հիմա ամենակարևոր խնդիրը Անահիտին լիովին առողջացնելն է. «Այնպես է, որ բոլորն էլ հիվանդ են, ու չգիտենք՝ ով ոնց կերգի: Մեր թիմը նորմալ է, Մերիի ձայնը վերականգնվել է, ամեն ինչ լավ է, շոուն պատրաստ է: Մի քիչ լարվածություն մեծերի շրջանում կա, բայց երեխաների վրա չի ազդում: Երեխաներն այստեղ բոլորի հետ շփվում են, արդեն ընկերներ ունեն: Երեկ Նիդերլանդների մասնակիցները տեսահոլովակ էին նկարահանում իրենց երգի համար, մեր երեխաներն էլ մասնակցեցին: Մեզ այստեղ շատ են սիրում, շատ մեծ տեղ են տալիս: Ես, որպես հնչյունային ռեժիսոր, գնում խառնվում եմ՝ ասելով, թե սա ավելացրեք, սա պակասեցրեք, և հենց այդ վայրկյանին ամեն ինչ արվում է, ոչ մի ձևով իրենք չեն խոչընդոտում մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս