1000 դրամների մասին օրենքը չի հետապնդում արդար նպատակ». Զարուհի Փոստանջյան
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը չի հետապնդում արդար նպատակ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ օրենքը վերաբերելու է ապագա դեպքերին, և համոզմունք չկա, որ դրանք իրականում ներկայացված կլինեն: Զ. Փոստանջյանի խոսքով՝ ինչպես ինքնասպանության զոհի հարազատը չի կարող օգտվել 1000 դրամներից, այնպես էլ զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանա օգտվել, եթե զինծառայողը չի զոհվել թշնամու գնդակից:
«Մինչ այս պահը մենք չունենք հարուցված քրեական գործ, թե պատերազմը սկսվելու պահին ովքեր էին մեղավոր, որ զինվորները չեն ունեցել համապատասխան զրահաբաճկոններ, վառելիք, որ շտապօգնության մեքենաները, տանկերի ակումուլյատորները չեն աշխատել և այլն: Այս բոլոր հարցերին չկա պատասխան, ավելին՝ կա տեղեկություն, որ իմացել են նման հարձակման մասին, բայց հրաման չեն տվել, և զինվորները պատրաստ չեն եղել: Եվ մեր ամբողջ վերնախավը կապ ունի այդ հարձակման հետ: Այս պայմաններում հիմնադրամ ստեղծելը նշանակում է մեղսակից լինել հանցագործության»,- ասաց նա: