ՀՀԿ-­ն համագումարին մասնակցելու համար հրավիրել է Հայաստանի ավելի քան 10 կուսակցությունների

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկվել Հայաստանի մեկ տասնյակից ավել կուսակցությունների: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Համագումարին մասնակցելու հրավեր ենք ուղարկել նաև արտասահմանյան կուսակցությունների: Մասնավորապես, հրավիրել ենք Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Միասնական Ռուսաստան» և Եվրոպայի Ժողովրդական կուսակցություններին: «Միասնական Ռուսաստան»­ը համագումարին կներկայանա երեք հոգանոց պատվիրակությամբ, մնացած կուսակցությունների մասնակցության ձևաչափը դեռ հայտնի չէ»,­- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկել են համագումարի ընթացքում կատարվելիք ծրագրային և կանոնադրական փոփոխությունները, արվել են առաջարկներ: Այդ առաջարկները մինչ համագումարը կքննարկվեն, և արդեն համագումարի օրը կհայտարարվի համապատասխան փոփոխությունների մասին:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ համագումարի ընթացքում կուսակցության նախագահի պաշտոնում կվերընտրվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-­ն միշտ էլ եղել է մեկ լիդերի կուսակցություն և այդպես էլ մնալու է՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը տեղի կունանա նոյեմբերի 26-­ին:

Տեսանյութեր

Լրահոս