Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ թիվ մեկ խնդիրն անվտանգության ամրապնդումն է. Շարմազանով
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման վերաբերյալ իշխանություններն ու խորհրդարանական քաղաքական ուժերի մեծ մասն ունեն նույն մոտեցումը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունն է Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական նախաձեռնության քվեարկությունը:
«102 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց զինծառայողների հատուցման նախագիծը, ինչըխոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական ուժերը կարևորում են այս նախաձեռնությունը: Նրանք լավ գիտակցում են, որ թիվ մեկ խնդիրն անվտանգության ամրապնդումն է և համերաշխությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀԿ խոսնակը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուն կողմ է քվեարկել 102, դեմ 3 պատգամավոր: