Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն և նորարարություն» խորագրի ներքո Երևանում անցկացվող Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։ 2_640x420

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար, և այսօր էլ մեր պետությունն իր զարգացման ճանապարհին շարունակում է ապավինել գիտելիքին, փորձում առավելագույնս ներգրավվել կրթության և գիտության ոլորտների զարգացմանն ուղղված այնպիսի ծրագրերում, ինչպիսին Արևելյան գործընկերության այս ձևաչափն է: ՀՀ Նախագահը կարևորել է արդեն երկրորդ անգամ այդ ոլորտներին նվիրված Երևանում անցկացվող հանդիպումը: 3_640x420

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ ակտիվորեն և գործընկերային մթնոլորտում շարունակվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման առումով Նախագահը կարևոր ձեռքբերում է համարել այս տարի Հայաստանի՝ «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ դառնալը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են հիշյալ ծրագիրը, որը կոչված է համախմբելու մարդկության ջանքերը և խթանելու ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական հետազոտական տարածքում: 4_640x420

ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասը գոհունակությամբ է նշել, որ երևանյան այսօրվա նախարարական երկխոսությամբ հիմքեր դրվեցին ապագայի համար: Նա ընդգծել է, թե տպավորված է այն հետազոտողներով, ում հետ այսօր հանդիպումներ է ունեցել և վստահ է, որ «Հորիզոն 2020» ծրագիրը նոր հնարավորություններ կբացի նաև Հայաստանի բուհերի համար, կօժանդակի գիտելիքը տեսական դաշտից կիրառելի դաշտ տեղափոխելու գործում, կնպաստի նաև փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների զարգացմանը: 5_640x420

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-պորտուգալական երկկողմ հարաբերություններին: Պորտուգալացի քաղաքական գործիչ Կառլոս Մոեդասը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին, ով, նրա խոսքով, մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի գիտության, կրթության, մշակույթի զարգացման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս