«Այս խնդրի քննարկումն արդեն անբարոյականություն էր». Արամ Մանուկյան
Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ՀՀ ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ ազգային խայտառակություն է, երբ ընդամենը 12 միլիոն դոլարի համար հասարակությանը բաժանել են մասերի, բանակն էլ դարձել է մեկի՝ հերոսության, իսկ մյուսի՝ քննադատության թիրախ: Այսօր «Բանակին աջակցությո՞ւն, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկ. 1000 դրամի դիլեմա» թեմայով քննարկման ժամանակ նա ասաց, որ ամսական հավաքելով մեկ միլիոն դոլար՝ ցույց ես տալիս քո սնանկ, անարժանապատիվ լինելը և պետական գործառույթն ուրիշի վրա դնելը.
«Շատ վատ է, որ պաշտոնյաները հայտարարում են, թե պետական բյուջեում այս խնդրի լուծման համար փող չկա: Գումար ենք հավաքում այն մարդկանցից, որոնք իրենց պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կատարում են: Մենք հավաքում ենք գումար այն մարդկանցից, որոնք հարկ են վճարում: Այսօր կառավարությանն էլ եմ ասել, որ հնարավոր է շատ արագ 1 մլրդ դոլար ստվերից բերել բյուջե, քանի որ տարբեր հաշվարկներով՝ մեր երկրի բյուջեից դուրս կա բյուջեից մեծ բյուջե, որը կազմում է մոտ 3-4 մլրդ դոլար»:
Պատգամավորը նկատեց. «Ասում են՝ այնպիսի բաներ մի ասեք, որ Ադրբեջանը լսի… ուրեմն՝ մեզ մի խայտառակեք ու ասեք՝ զինվորի առողջության խնդիրը լուծելու համար ես Հայաստան երկրից հավաքում եմ ամիսը 1 մլն դոլար. սա է ծիծաղելին, նվաստացուցիչը: Դա ներկայացնում են այսպես՝ դուք ո՞նց եք համարձակվում զինվորի առողջության, կյանքի համար այդ հազար դրամը սակարկել: Սա անարժանապատիվ կեցվածք է. ԱԺ դահլիճում, որտեղ քվեարկություն է եղել, 60 հոգի պաշտոնապես միլիոնատեր է, 5 միլիարդատեր կա երկրում, բա բյուջեի դատարկությունն այդ մարդկանց չի՞ վերաբերում»:
Ա. Մանուկյանի խոսքով՝ լավ գաղափարը կեղտոտ միջոցներով են իրականացնում. «Բոլորն այսպես են մտածում, բայց գնում՝ կողմ են քվեարկում: Այս խնդրի քննարկումն արդեն անբարոյականություն էր»:
Այս ամենին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը որևէ պատասխան տալ չկարողացավ՝ նշելով, որ իր ոլորտին չվերաբերող հարցեր են: