Թուրքիայում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը
Թուրքիայի Իզմիրի նահանգում գյուլենականների եւ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզաորոնողական գործողությունների ժամանակ ձերբակալվել է 16 անձ: Այս մասին, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալված 16 անձանց շարքերում է եղել նաեւ «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը: Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի Իզմիրի նահանգում բանտարկվել էր Ֆեթուլլահ Գյուլենի եղբարը՝ Քութբեթթին Գյուլենը:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին: