ՌԴ ՊՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական «Միգ-29»-ի կործանման լուրը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Միջերկրական ծովում ռուսական «Միգ-29» ինքնաթիռի կործանման մասին լուրը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նշել են նաև, որ «Միգ-29» կործանիչի օդաչուն կատապուլտացվել է և նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու կործանվել է ռուսական «Միգ-29» կործանիչ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից թռիչքից անմիջապես հետո:
«Միգ-29» կործանիչները թռիչք են կատարել Ռուսաստանի միակ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից՝ Սիրիայի ուղղությամբ: Արդեն գտնվելով օդում՝ ինքնաթիռներից մեկի մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, այն շրջվել է ու շարժվել ավիակիրի ուղղությամբ:
ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալներով` կործանիչն ընկել է ջուրը՝ նավի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ:
Ռուսաստանի փրկարար ուղղաթիռը ջրից հանել է օդաչուին և պարաշյուտը: Այդուհանդերձ, օդաչուի վիճակի մասին ներկայումս տեղեկություն չկա: