Արդյո՞ք Վատցկեն մի կողմ կթողնի սկզբունքները և հունվարին կվերադարձնի Մխիթարյանին
Daily Mirror-ի լրագրողները կարծիք են հայտնել, որ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ծառայություններով կրկին սկսել է հետաքրքրվել դորտմունդյան ակումբը, սակայն, ըստ պարբերականի՝ դորտմունդցիները ի վիճակի չեն մեծ գումարներ վճարել Մխիթարյանի համար և ցանկանում են ձեռք բերել նրան վարձակալական հիմունքներով:
Այս տեղեկությունից հետո անգլիական ակումբների երկրպագուները հիշել են դորտմունդյան ակումբի նախագահ Վատցկեի խոսքերը, ով բավական կոպիտ էր խոսում Մխիթարյանի մասին՝ նշելով, որ նա ինքն է ընտրել Գերմանիայից հեռանալու տարբերակը և դորտմունդցիները պատրաստ չեն կրկին հրավիրել Հենրիխին:
«Չեմ հասկանոււմ՝ ինչի համար Հենրիխը պետք է վերադառնա Դորտմունդ: Գնալուց առաջ նա ամբողջությամբ հասկանում էր իր քայլի լրջությունը: Այնպես որ նրա վերադարձը չի քննարկվում»,- նշել էր Վատցկեն Sky Sports-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան