
«Թուրքիան իր ժողովրդին կհարցնի՝ իրեն ԵՄ-ն պե՞տք է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիտարկում է Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվեի անցկացման տարբերակը: Ինչպես այսօր հաղորդում է HaberTurk հեռուստաալիքը, Էրդողանն այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում իրեն ուղեկցող լրագրողներին:
«ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ցանկանում է, որ դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում կայացնեն: Մենք չենք կարող հավետ հանդուրժել, թե ինչպես են մեզ վերաբերվում»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ «հետագայում, եթե հարկ լինի, Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի այնպես, ինչպես Մեծ Բրիտանիան՝ հանրաքվեում»:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է ներգաղթյալների մասին համաձայնագրով նախատեսված ԵՄ մի շարք պարտավորությունների մասին, ինչպես նաև այն մասին, որ Բրյուսելը «չի պահել իր խոսքը Թուրքիայի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի վերաբերյալ»: