Ի՞նչ սպասել Հայաստան – Չեռնոգորիա խաղից. Մեկնաբանում է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը
Վաղը երեկոյան կկայանա Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Չեռնոգորիա խաղը: Հավաքականը անհաջող մեկնարկից հետո իր առջև դրել է երկրպագուների վստահությունը վերականգնելու խնդիր:
Նոր գլխավոր մարզիչ, կարծես թե ամբողջությամբ ապաքինված Մխիթարյան, նոր մարտավարություն, ինչը ենթադրում է, որ մենք տեսնելու ենք փոփոխություններ հավաքականում:
Ի՞նչ է պետք սպասել հավաքականի առաջիկա խաղից. մտնել խաղադաշտ պարտվողի հոգեբանությա՞մբ, թե՞ պայքարել մինչև վերջին վայրկյանը: Այս հարցերին հավաքականի տնային հանդիպումից առաջ պատասխանել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Արթուր Պետրոսյանը նշում է, որ թիմին լավ է ճանաչում, քանի որ աշխատել է նրա հետ նաև 2 տարի առաջ: Ըստ գլխավոր մարզչի՝ հավաքականի վիճակը շատ լավ է: Պետրոսյանը գոհ է նաև Մխիթարյանի մարզավիճակից և նշում է, որ Հենրիխի տրամադրությունը բարձր է, իսկ մարզավիճակը՝ փայլուն:
Արթուր Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վնասվածքի պատճառով վաղը հանդիպումը բաց կթողնի Դավիթ Մանոյանը: Վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գա նաև Պետրոս Ավետիսյանը:
Ըստ Արթուր Պետրոսյանի՝ վաղը տնային խաղում հաղթելու մեծ ցանկություն կա, սակայն հաշվի առնելով վերջին խաղերի արդյունքները՝ ցանկացած դրական արդյունք վաղը ձեռնտու կլինի: Համենայն դեպս, հավաքականը անելու է ամեն բան հաղթելու համար:
«Վաղվա խաղում ֆավորիտը մրցակիցն է: Սակայն ես շանսերը հավասար եմ գնահատում: Գրագետ, կարգապահ և կազմակերպված թիմ է: Հարձակման գծի ֆուտբոլիստները շատ ուժեղ են, ովքեր թե՛ անհատական պայքարում և թե՛ թիմային խաղում լավ են դրսևորում իրենց:
Հավաքականում խնդիրները շատ են և մենք միանգամից բոլոր խնդիրները չենք կարող լուծել: Ամեն ինչ կախված է մեր ֆուտբոլիստներից, մրցակցից: Ամեն խաղում պետք է ճիշտ մարտավարություն ընտրենք »,-նշում է Արթուր Պետրոսյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ թիմում տրամադրությունը լավ է, տղաները ժպտերես են, իսկ մթնոլորտը հանգիստ է: Ավելին, տղաները պատրաստ են ցույց տալ, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին:
Արթուր Պետրոսյանը նշում է, որ վերջին օրերին հատկապես շեշտը դրել են պաշտպանությունում խնդիրները հաղթահարելու վրա:
Ի տարբերություն հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի՝ Արթուր Պետրոսյանը հավաքականի վիճակը չի կապում երկրպագուների կամ լրագրողների ստեղծած վատ մթնոլորտի հետ:
«Երկրպագուները իրավունք ունեն բողոքելու, քանի որ հավաքականը 3 տարի հաղթանակ չի ունեցել: Կփորձենք լավ խաղալ, որպեսզի վերականգնենք հավատը և երկրպագուներին վերադարձնենք մարզադաշտ»:
Սիրարփի Աղաբաբյան