Բաժիններ՝

«Հայաստանում 10 000 քարանձավ կա, որոնցից շուրջ 100­-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը». Քարանձավագետ

Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի մասնակից, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեցին «Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի կողմից Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերված հնագույն ժայռանկարների մասին:

Ասուլիսի բանախոս, քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը նկատում է՝ հայտնաբերված ժայռապատկերներն իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց երևույթն ինքնին գնահատելի է:

Խոսելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին երեք կազմակերպությունների ջանքերով իրականացված մեկշաբաթյա արշավախմբի գործունեության ու գրանցած արդյունքների մասին՝ Սմբատ Դավթյանը նկատում է. «Ի ուրախություն մեզ, հայտնաբերված ժայռապատկերի վրա երկու կենդանի են պատկերված, և մասնագետների կարծիքով՝ դրանք պալեոլիթի շրջանի վկայություններ են»:

Ըստ բանախոսների՝ քարանձավների տարածքը կարող է ծառայել՝ որպես զբոսաշրջային հիանալի գոտի: Նրանց հավաստմամբ՝ Հայաստանում կան աշխարհի քարանձավների բոլոր տեսակները, և նույնիսկ քարանձավի բացառիկ տեսակ համարվող քարե դռներով քարանձավներ, որոնք միայն մեր երկրում են` Արագածոտնի մարզում: Հայաստանի Հանրապետության տարածքում կան նաև կարստային քարանձավներ, որոնք գետնի տակ գտնվող դատարկ տարածություններ են, որ առաջացել են ոչ թե՝ լավայի սառեցման, այլ՝ ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ: Ընդհանուր հաշվարկով՝ Հայաստանում 10 000 քարանձավ կա, որոնցից շուրջ 100­-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը. «Քարանձավները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն, հանձնվեն վարձակալության, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այդ արժեքները: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին և այլ կառույցների՝ այդ հարցը լուծելու համար, սակայն դեռ հստակ պատասխան չենք ստացել»,- ­իր խոսքում նկատում է Սամվել Շահինյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս